03/12/2018 13:09
Արամ Հարությունյանին կալանավորելու մասին հարցը կքննարկվի դեկտեմբերի 4-ին մեկնարկելիք ԱԺ նիստում
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին մեկնարկելիք Ազգայի ժողովի հերթական նիստում։
Նախընտրական քարոզարշավի բուռն շրջանում քիչ հավանական է թվում, որ հնարավոր կլինի ապահովել քվորում՝ պատգամավոր Արամ Հարությունյանին «հանձնելու» համար։ Սակայն, Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմը՝ «Ելք» խմբակցությունը, մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ պատգամավորների թիվը խորհրդարանում։
Նկատենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով։
Ըստ այդմ, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:
Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.
1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.
2) մտքերի փոխանակություն.
3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:
3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
4. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:
Նկատենք, որ այս Ազգային ժողովը մեկ անգամ առիթ արդեն ունեցել է նման բովանդակությամբ քննարկում կազմակերպելու, երբ գլխավոր դատախազը մտավ խորհդրարան ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։