03/12/2018 15:39
Փաստաբանի կարծիքով, դատարանը Քոչարյանի գործով շտապողականություն է ցուցաբերում
Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը։ Երկար ժամանակ տևած նիստից հետո պաշտպաններից Արամ Օրբելյանը դուրս եկավ և լրագրողներին տեղեկացրեց՝ դեռ սպասվում է, որ դատախազական կազմը կհայտնի բողոքների վերաբերյալ դիրքորոշումը։ Դրանից հետո միայն դատարանը կքննարկի պաշտպանների պատրաստած միջնորդությունները։
«Չեմ կարծում, որ այսօր զուտ ֆիզիկապես կհասցնենք, որպեսզի դատարանը հրապարակի որոշումը՝ խափանման միջոցի վերաբերյալ», - ասաց Օրբելյանը։
Այդուհանդերձ, փաստաբանի կարծիքով, դատարանը որոշակի շտապողականություն ցուցաբերում է, ինչի վկայությունն է այն, որ ամեն օր այս գործով նիստեր է հրավիրում, չնայած դատարանի ծանրաբեռնված լինելու հանգամանքին։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Քոչարյանը ներկա է նիստին, հանդես է եկել պաշտպանական ելույթով, սակայն չմանրամասնեց՝ ինչ է մասնավորապես, խոսել։
«Նրա հայտարարությունները, կարծիքներն ու դիրքորոշումները զուտ դատական գործընթացի մասին են, ոչ մի քաղաքական ելույթ պարոն Քոչարյանը չի ունեցել», - ասաց Օրբելյանը։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի ակնկալիքների մասին, Օրբելյանն ասաց, որ իր սպասումները միայն լավատեսական են։
«Այս պահին բավական պասիվ գործընթաց է, դեբատներ, քննարկումներ չկան, հետևաբար, չեմ կարող ասել, թե ինչ կարող է սպասվել։ Բայց կարող եմ ասել, որ իրավական, փաստական բոլոր նյութերը հիմք են տալիս ենթադրել, որ պետք է մեզ համար դրական արդյունք ունենանք։ Բայց կրկրնեմ՝ որևէ բան կանխատեսել չենք կարող», - նշեց փաստաբանը։