03/12/2018 18:57
Իր հետ խոսելու ոչինչ չունենք. Դավիթ Հակոբյանը և «համազգայինցիները» հետ չեն կանգնելու իրենց որոշումից
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները շարունակում են դեկտեմբերի 1-ին հայտարարած գործադուլը, որը կտևի այնքան ժամանակ, մինչև իրենց բարձրացրած խնդիրը հանգուցալուծում կստանա: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց բողոքի ակցիան ուղղված է Վիգեն Չալդրանյանին: Նկատառմանը, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարն արդեն մի քանի օր է՝ Սուրեն Շահվերդյանն է, մեր զրուցակիցը բարկությամբ նշեց՝ Սուրեն Շահվերդյանն իրենց քննարկման նյութը չէ, նրա հետ կապված որևէ բան իրենց բոլորովին հետաքրքիր չէ, նա իրենց պահանջների հետ կապ չունի: Ինչպես եկել է, այնպես էլ սուս-փուս հեռանալու է:
«Ներկա պահին մեր թատրոնը ոչ մի գեղարվեստական ղեկավար չունի, դա Վիգենի կամայականությունն է՝ առանց թատերախմբի կարծիքը հարցնելու՝ մի նոր ավելորդ խոչընդոտ ստեղծել: Մենք պահանջում ենք Վ. Չալդրանյանի հրաժարականը, նա իրավունք չուներ միաժամանակ լինել և՛ գեղարվեստական ղեկավար, և՛ տնօրեն: Երբ այդ օրենքն ապացուցող փաստաթուղթը նրան ցույց են տվել, նոր «մեծահոգաբար» որոշել է հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պարտականությունից, ու օգտվելով օրենքի առավելությունից՝ նշանակել է գեղարվեստական ղեկավար՝ առանց նույնիսկ մեր կարծիքը հարցնելու», - ընդգծեց նա:
ՀՀ Վաստակավոր արտիստը նկատեց՝ Սուրեն Շահվերդյանն իրենց պահանջների կոնտեքստից դուրս է, ում հետ զրուցելու ոչինչ չունեն: Հարցին՝ այնուամենայնիվ, նորանշանակ գեղարվեստական ղեկավարը փորձե՞լ է հանդիպել դերասանների հետ, թե՞ ոչ, և ի՞նչ են անելու, եթե նա չհամաձայնվի հեռանալ իր նոր պաշտոնից, պատասխանեց.
«Երևի թե վախենում է առերես մոտենալ, զրույցի հրավիրել, ու բոլորին ֆեյսբուքով գրում է, թե եկեք հանդիպենք, ես ձեզ համար պայմաններ կստեղծեմ: Բայց նա ո՞վ է, որ մեզ համար պայմաններ ստեղծի, մենք աշխատելու բոլոր պայմաններն ունենք: Միայն ուզում ենք թատրոնում մեզ չխանգարեն: Ինչ վերաբերվում է նրա հեռանալ-չհեռանալուն, մենք նման հարց չենք էլ քննարկում, նա մեր գեղարվեստական ղեկավարը չի, որ մի հատ էլ մտածենք իր հեռանալու մասին: Հիմա Վ. Չալդրանյանը պետք է հրաժարվի նաև տնօրենի պաշտոնից, ինչը, կարծում եմ, ուզի թե ոչ, շատ շուտով կլինի: Դրանից հետո մենք արդեն կորոշենք Սուրեն Շահվերդյանին ինչ ասել, եթե, իհարկե, ինքը մինչև այդ չհեռանա: Կարծում եմ՝ այնքան խոհեմ կլինի, որ ինքնակամ կհեռանա՝ չփորձելով անգամ մեզ հետ հանդիպել»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ միայն երկու տարի հետո որոշեցին թատրոնի բնակիչները բարձրաձայնել իրենց բողոքի մասին, Դավիթ Հակոբյանն արձագանքեց՝ ամբողջ երկու տարվա ընթացքում էլ Վիգեն Չալդրանյանին հեռանալու պահանջ են ներկայացրել՝ նպատակ չունենալով հասարակական աղմուկ բարձրացնել:
«Հաշվի առնելով Վիգեն Չալդրանյանի ճանաչվածությունը, հայտնիությունը, չէինք ուզում մեծ աղմուկ բարձրացնել: Բայց ամեն անգամ դիմելով ու արդյունքի չհասնելով՝ համբերության բաժակը լցվեց: Չէինք կարող մնալ հավերժ բարձր պրոֆեսիոնալներ, անտեսել մարդկային փոխհարաբերություններն ու շարունակել աշխատել: Թատրոնը փոխհարաբերությունների արվեստ է, չի՛ կարող լինել վատ փոխհարաբերություններով թատրոն», - ասաց նա:
Գեղարվեստական ղեկավարի պաշտոնում «համազգայինցիների» թեկնածուն նույն թատրոնի դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանն է, որպես տնօրեն էլ նախընտրում են տեսնել Արման Նավասարդյանին: Սա նշանակում է, որ, Սոս Սարգսյանի անվան թատրոնը, թեկուզև որոշ ժամանակով, բայց բեմում կզրկվի երկու տաղանադավոր արտիստներից: Ի դեպ, դերասանուհու թեկնածությունն առաջարկել է հենց Դավիթ Հակոբյանը:
«Նախ ասեմ, որ այս ընտրությունը նոր չենք կայացրել, և երկար քննարկումներից հետո ենք հանգել այդ որոշմանը: Կոնկրետ Նարինե Գրիգորյանի թեկնածությունը երկու տարի առաջ եմ առաջարկել, ինչը հաշվի չառավ նախկին նախարարը (Արմեն Ամիրյանը՝ հեղ.): Նարինե Գրիգորյանն իր գեղագիտությամբ, վարպետությամբ, փորձով, ճաշակով ու տաղանդով միանգամայն ի վիճակի է ստանձնել այդ պաշտոնը: Հաճախ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ոչ դուք, այլ՝ նա։ Ձեր հարցը ևս կանխելով՝ ասեմ՝ ես խորապես համոզված եմ, որ թատրոնը պետք է ղեկավարի երիտասարդ, առույգ ուժերի տեր մարդ, որը կարող է նաև լուրջ փոխհարաբերություններ ստեղծել ներսում… Ինչ վերաբերվում է Արման Նավասարդյանին, այո՛, մենք էլ շատ կափսոսանք, եթե նա դառնա տնօրեն և դադարի աշխատել: Բայց այդ ամենը ժամանակավոր է, մենք հիմա անցումային կառավարություն ենք ստեղծում, որպեսզի «շողուլի» գանք: Ունենք շատ ծրագրեր, ներկայացումներ, որոնք այս երկու տարվա ընթացքում ի վիճակի չենք եղել անելու», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Դավիթ Հակոբյանը: