03/12/2018 10:24
Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. Սուրեն Շահվերդյանը դիմում է Համազգային թատրոնի դերասաններին և թատերասեր հանրությանը
Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է ռեժիսոր, բեմադրիչ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի այն հայտարարությունը, որ եթե թատրոնի կոլեկտիվը չհամաձայնվի իր հետ աշխատել, պատրաստ է նոր թատերախումբ հավաքել:
Դա զայրացրել է ոչ միայն թատրոնի արտիստներին ու այդ թատրոնից դուրս գտնվող մշակութային գործիչներին, այլև՝ հանդիսատեսին:
Երեկ Սուրեն Շահվերդյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել, որի միջոցով պարզաբանել է ստեղծված իրավիճակն ու ներողություն խնդրել:
«Համազգային թատրոնի սիրելի դերասաններ, սիրելի թատերասեր հանրություն: Հետևանքը միշտ էլ պատճառ է ունենում. նոյեմբերի 29-ին Համազգային թատրոնի դերասանների հրավիրած մամուլի ասուլիսից հետո լրագրողը դիմեց ինձ հետևյալ հարցով. «Համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն»: Խնդրեց տալ իմ մեկնաբանությունը:
Այդ պահին անակնկալի գալով՝ արվեստագետին բնորոշ էմոցիոնալ խառնվածքով պատասխանել եմ. «Մեր երկրում բազում տաղանդավոր դերասաններ կան, որ անընդհատ թատրոնների դռներ են թակում՝ աշխատանքի ակնկալիքով, սակայն շատ թատրոններում հաստիքներ չկան: Եթե թատրոնում կլինեն դերասաններ, որոնք իմ ներկայացրած ծրագրին համաձայն չեն լինի և չեն ցանկանա ինձ հետ աշխատել, պատրաստ եմ հավաքել նոր թատերախումբ»:
Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. պատասխանը եղել է հապճեպ, էմոցիոնալ և գուցե՝ ոչ ականջահաճո:
Խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան հարթակում այս պատերազմը, տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել ներդաշնակ մթնոլորտում:
Հայաստանի թատերական միջավայրը մի ամբողջ մեծ ընտանիք է, որտեղ բոլորս ընկերներ և բարեկամներ ենք, որտեղ պետք է բացառել առճակատումն ու անհանդուրժողականությունը:
Խնդրում եմ շարունակել ծառայել Նորին Գերազանցություն Թատրոնին: Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք ստեղծել արժանի ներկայացումներ և մեր գործով ապացուցել, որ հայ թատրոնը կար, կա և կլինի», - գրել է նա:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ էր՝ Համազգային թատրոնի դերասանների գերակշիռ մասը պահանջում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ դժգոհ են նրա աշխատանքից և այդ երկլու պաշտոններում ցանկանում են տեսնել իրենց գործընկերներին՝ Նարինե Գրիգորյանին (գեղ. ղեկավար) և Արման Նավասարդյանին (տնօրեն): Սակայն նոյեմբերի 29-ին, երբ թատրոնի դերասանները մամուլի ասուլիս էին հրավիրել, լրագրողների հետ հանդիպումից ընդամենը 20 րոպե առաջ տեղեկացան՝ մեկ օր առաջ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հրաժարված Վ. Չալդրանյանը այդ հաստիքին նշանակել է բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին:
Դեկտեմբերի 1-ից «համացգայինցիները» անժամկետ գործադուլ են հայտարարել: