04/12/2018 13:50
«Ինձ ասեց՝ արա, ես էլ հակադարձեցի». Արարատի մարզպետը ներկա է եղել իր վարորդի մասնակցությամբ միջադեպին
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է եղել Արտաշատ քաղաքի «Իմ քայլը» դաշինքի շտաբում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նրա վարորդն ու դաշինքի համակիրներից մեկը ապտակել էին միմյանց։
Գևորգ Բաբայանը, որը տուժել էր Արարատի մարզպետի վարորդի գործողություններից, Aysor.am-ին տեղեկացրեց, որ միջադեպն առաջացել է այն բանից հետո, երբ Արտակ Դավթյանն իրեն դիմել է «արա»-ով։
«Խմած մարդ չի եղել, ինձ ասեց՝ արա, ես էլ հակադարձեցի։ Մարդ եմ, հիմա, անկախ ամեն ինչից, ոչ մեկ ինձի իրավունք չունի վիրավորելու», - պատմեց Բաբայանը։
Հարցին, թե մարզպետը չի՞ փորձել հանդարտեցնել կողմերին, Բաբայանը պատասխանեց. «Ես բան չեմ հիշում»։
Հետաքրքրվեցինք նաև՝ հաշտվե՞լ են, նա պատասխանեց. «Ընենց չի, որ ես խռով պահած ունեմ, մենք մի թիմի անդամներ ենք, սաղս էլ անում ենք, որ մեր երկիրը ծաղկի, որ մեր վարչապետ դառնա պարոն Փաշինյանը։ Դե, հիմա, թյուրիմացություն ա, եղել ա»։
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ Բաբայանը չներկայացրեց։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 30-ին, երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Արարատի մարզի իշխանական «Իմ քայլը» դաշինքի շտաբում։ Նոյեմբերի 30-ին ժ.20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի Կենտրոնական հրապարակում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում Արտակ Դավթյանը ապտակել է դաշինքի համակիր Գ. Բաբայանին։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էին մեր տեղեկությունը և հավելել, որ ավելի ուշ Ա. Դավթյանը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: