04/12/2018 08:44
Մեկ տարվա համար Ջրային կոմիտեն «Վեոլիա ջրի» փոխարեն ավելի քան 1 մլրդ դրամ կծախսի
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն իր վրա կվերցնի «Վեոլիա ջուր» ընկերության որոշ ներդրումային ծրագրերի իրականացումը, դրա դիմաց ընկերությունը մինչև 2025 թվականը սպառողի համար չի բարձրացնի ջրի սակագինը:
«Պարտավորությունը վերաբերում է 2019 թվականին՝ 1 միլիարդ 28 միլիոն 1000 դրամի չափով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանը:
Նա նշեց, որ իրենք ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում ունեն գումարների խնայողություն և այդ խնայողություններն ուղղելու են առաջնահերթ աշխատանքներ իրականացնելու առումով ջրամատակարարման համակարգերում ներդրումներ կատարելուն:
««Վեոլիա ջուրն» ունի իր պարտավորությունները, պետությունն՝ իր պարտավորությունները, բայց, քանի որ սակագինը չի բարձրացել, մենք բանակցությունների արդյունքում, ոչ շատ հեշտ բանակցությունների արդյունքում, եկանք համաձայնության», - նշեց նա:
Հարցին՝ խոսվում է միայն 2019-ին պարտավորությունները ստանձնելու մասին, իսկ մյուս տարիներին ի՞նչ է լինելու, Ջրպետկոմի նախագահը պատասխանեց. «Կաշխատենք՝ կերևա: Հայաստանում կա 55 գյուղական համայնք, որոնք ունեն պատրաստի ցանցեր ջրամատակարարման, այսօր այս համակարգերը պատրաստ են հանձնվելու «Վեոլիայի» սպասարկմանը, դրանով մեծանում է սպասարկման ոլորտը, որն էլ ուղղակի ազդելու է սակագնի վրա, էլ չեմ ասում, որ կան 570 այլ համայնքներ, որոնք չունեն համակարգեր, բայց ևս կարող են դառնալ «Վեոլիայի» բաժանորդ: Քայլ առ քայլ պետք է առաջ գնան՝ ավելացնելով բաժանորդների թիվը, նաև մենք հույս ունենք գտնել ջրի կորուստների նոր դեպքեր, որը ևս ազդելու է սակագնի վրա դրական առումով»:
Նա ընդգծեց, որ Ջրպետկոմի կողմից ստանձնած պարտավորությունները բյուջեի վրա լարացուցիչ ծախսեր չի առաջացնելու:
«Բյուջեն որևէ ծանրաբեռնվածություն չի ստանալու», - ասաց նա:
Ինեսա Գաբայանը նշեց, որ փոխադարձ համաձայնությունը բանավոր չի եղել, ստորագրվել է փաստաթուղթ:
«Լուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագիր է ստորագրվել, որը ստորագրել են Ջրպետկոմի նախագահն ու «Վեոլիաի» տնօրենը», - ասաց Ի. Գաբայանը:
Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ալավերդիում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա։
Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով։