04/12/2018 11:39
Վերաքննիչ դատարանում Քոչարյանի պաշտպանները կներկայացնեն միջնորդությունները. Նրանք խնդրում են գործը հասցնել ՍԴ
Վերաքննիչ դատարանում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Այսօր պաշտպանական կողմը պետք է ներկայացնի միջնորդությունները։
Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով։ Նշենք, որ Քոչարյանին հենց այդ հոդվածով է առաջադրվել մեղադրանք՝ 2008-ին Սահմանադրական կարգը տապալելու փորձի համար։
«Դիմում ենք դատարանին՝ գտնելով, որ այն իրավական նորմերը, որոնք կիրառվում են այս գործի շրջանակներում, հակասում են Սահմանադրությանը և խնդրում ենք դիմել Սահմանադրական դատարան։ Կամ եթե դատարանը համոզված կլինի, որ հակասում են, ուրեմն չպետք է դրանք կիրառի», - նշեց Օրբելյանը։
Փաստաբաններից Հայկ Ալումյանն իր հերթին իրենց ներկայացնելիք միջնորդության վերաբերյալ ասաց, որ իրենք խնդում են՝ Քրեական օրենսգրքի 300 հոդվածը, այն խմբագրմամբ, որը գոյություն ուներ 2008-ին, հակասահմանադրական էր։
«Կախված այս միջնորդության ելքից՝ ևս մեկ միջնորդություն կարող է լինել Սահմաանդրական դատարանի հետ կապված։ Դրանից բացի, որոշ նյութեր ենք ցանկանում ներկայացնել», - ասաց Ալումյանը։
Փաստաբանը դժվարացավ ասել, թե արդյոք այսօր նիստը նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ «Դժվարանում եմ ասել, մենք դեռ շատ ասելիք ունենք, կարծում եմ՝ դատախազությունը ևս», - նշեց Ալումյանը։
Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքում Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ ճանաչել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այսինքն՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը համարել հիմնավոր: Այսպիսով Վճռաբեկ դատարան գլխավոր դատախազի բողոքը բավարարել էր մասնակի՝ միայն բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը և այն ուղարկելով նոր քննության:
Արդեն հինգ օր է՝ Վերաքննիչ դատարանը քննում է այս հարցը, որի ընթացքում փաստաբանները ներկայացրել են բողոքները և սպասվում է, որ կներկայացնեն նաև միջնորդություններ։ Դատախազական կազմը, որը գլխավորում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պետք է ներկայացնի առարկությունները, որից հետո միայն դատավորը կհեռանա խորհդրակցական սենյակ։