04/12/2018 16:26
Եթե վիճարկվող հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, ապա դա հիմք կլինի, որ այս գործը ավարտվի. Քոչարյանի պաշտպան
Վերաքննիչ դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը շարունակում է ներկայացնել միջնորդությունները։
Ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ առավոտյան մեկնարկած նիստում կարողացել են ներկայացնել միջնորդություններից մեկը, որը վերաբերում էր կալանքը թույլ տալու հարցում ապացույցների թույլատրելիությանը։ Ավելի վաղ պաշտպանական խումբը հայտարարել էր, որ այս գործով դատարանին ներկայացված ապացույցները թույլատրելի չեն։
«Հետևյալ հարցադրումն ենք անում՝ արդյոք կարող է դատարանը վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա որոշել անձին կալանավորել՝ հիմք ընդունելով ապացույց չհամարվող նյութեր», - նկատեց Օրբելյանը՝ չմատնանշելով որևէ օրինակ։ Սակայն հիշեցնենք, որ մյուս փաստաբան Հայկ Ալումյանը արդեն իսկ հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի 2008 թվականի 0038 հրամանը այս գործով անթույլատրելի ապացույց է։
Մյուս միջնորդությունը, որը դեռ պետք է ներկայացնի դատարանին, վերաբերում է 2008 թվականի Քրեական օրենսգրքի 300, հետո՝ 300.1 դարձած հոդվածներին (Սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձ անելը), ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների։
«Մեզ համար այս հոդվածը որոշակի չէ։ Նայեք, սկզբում եղել է 300 հոդված, հետո՝ 2009-ին փոխվել է ու դարձել 300.1 հոդված։ Մենք գտնում ենք, որ նախկին հոդվածը և 300.1 հոդվածը այսօր երկուսն էլ չունեն, չեն բավարարում իրավական որոշակիության սկզբունքին։ 300 հոդվածի փոփոխության հիմքերում դրված է այն հանգամանքը, որ ինքը չի համապատասխանում իրավական որոշակիությանը։ Հիմա դատարանը կքննարկի և կգնահատի։ Եթե պետք է որոշի դիմել ՍԴ, կդիմի, եթե որոշի, որ պետք չի դիմել ՍԴ, չի դիմի», -ներկայացրեց Օրբելյանը։
Եթե այդ հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, ապա ըստ փաստաբանի, դա հիմք է լինելու, որ այս գործն ավարտվի, եթե այլ մեղադրանքներ չլինեն։
Փաստաբանն ասաց, որ դատախազությունը դեմ է պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդություններին։