04/12/2018 16:43
Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը մեկն է՝ նա 0038 գաղտնի հրամանի հետ ծանոթ չէ. փաստաբան
Վերաքննիչ դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման հարցի քննարկման շրջանակներում ներկայացվող միջնորդությունների քննարկման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտնում է դիրքորոշումներ, տալիս գնահատականներ, այսօր նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա հայտարարությունները, ըստ պաշտպանի, բացառապես իրավական են։
Ինչ վերաբերում է գործով ապացույց համարվող փաստաթղթերից՝ ՊՆ 0038 հրամանին, որը ընդունվել էր 2008-ի փետրվարի 23-ին և որի հիման վրա էլ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձեր կատարելու համար, փաստաբանն ասաց, որ Քոչարյանը պնդում է՝ ինքը ծանոթ չի եղել այդ փաստաթղթին։
«Գաղտնի հրամանի հետ կապված նրա դիրքորոշումը մի քանի անգամ քննարկվել է, ինքն այդ հրամանին ծանոթ չէ։ Գաղտնի հրամանի զուտ տեսքտի հետ ծանոթ չէ։ Այսինքն՝ նախարարները չեն ուղարկում իրենց հրամանները նախագահի հետ համաձայնեցնելու, որովհետև եթե բոլոր նախարարները, նույնիսկ եթե միայն ուժային նախարարները ուղարկեին նախագահին համաձայնեցման կամ ընթերցման, ախա նախագահը ուրիշ այլ գործառույթ չէր կարողանա իրականացնել», - նշեց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ պնդումը, որ բանակը 2008-ին մասնակցել է երկրում ներքաղաքական գործընթացներին, ապա դա ընդամենը նախաքննություն իրականացնող վարույթի՝ Հատուկ քննչական ծառայության պնդումն է, որն ապացուցված չէ։
Դիտարկմանը, թե Քոչարյանը բարդում է ամեն ինչ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա, որը նույնպես այս գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ, Օրբելյանը բացասական պատասխան տվեց, հավելելով.
«Չի բարդում որևէ մեկի վրա։ Ոչ մեկի վրա բարդման գործընթաց չի լինում։ Երբ այդ հրամանի ընդունման հետ կապված շատ հարցեր պարզաբանված կլինեն, նոր միայն կարող ենք հետևություններ անել։ Այս ամբողջ գործընթացի հետ մեր առարկությունն այն է, որ շատ հապճեպ է գործընթացն ընթանում»։