04/12/2018 11:35
Հավանաբար սա միակ բացահայտումը չի լինի, կհաջորդեն այլ դեպքեր. Մարուքյանը` պատգամավորի կաշառք վերցնելու մասին
Շատ սպասելի էր այս իրավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորների բացակայությանն ու քվորում չապահովելուն:
«Ակնհայտ էր, որ չեն գալու և նիստ չէր լինելու: Դեպքի մասին վաղուց այստեղ ամբիոնից հայտարարվել է: Կարծում եմ, որ մինչև ընտրություններ քվորում չի լինի, իսկ արդեն 7-րդ խորհրդարանի երդումից հետո բոլոր նրանք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել անձեռնմխելիությունից կզրկվեն ու արդեն կարելի է գործողություններ իրականացնել: Կարծում եմ՝ որևէ խնդիր չկա, կարելի է սպասել», - ասաց Մարուքյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ սա հավանաբար միակ բացահայտումը չի լինի ու սրան կհաջորդեն նաև այլ դեպքեր, որոնք շղթայի ընդհանուր մասն են կազմում:
Մարուքյանը սա նախընտրական հնարք չի համարում, քանի որ այս մասին վարչապետի պաշտոնակատարն ավելի վաղ էր հայտարարել՝ նշելով, որ միայն մի փաստաթուղթ է բացակայում պատգամավորին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու համար:
«Վերջին հաշվով, դատախազը չի կարող ձեռքբերը թափ տալով գալ խորհդրդարան և որևէ պատգամավորի կալանվորման միջնորդության փորձեր հիմնավորել: Հայտարարվել էր, որ սպասում են այդ փաստաթղթին: Երևի այդ փաստաթուղթը հիմա է եկել, որ հիմա են ներկայացնուն», - ասաց նա: