04/12/2018 14:44
Ազգային ժողովի նիստը չի կայացել. քվորում չկար
ԱԺ նիստն այսօր չի կայացել քվորոմ չլինելու պատճառով, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ գրանցվել է 24 պատգամավոր: Խորհրդարանի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած:
Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 26 պատգամավոր:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի նիստը համարվում է չկայացած:
Հիշեցնենք, որ այսօր պետք է կայանար ԱԺ հերթական նիստ, որի օրակարգում էր ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը: