04/12/2018 12:45
Ներկայիս իշխանությունը նպատակադրված քաղաքականություն է իրականացնում՝ իշխանություն Արցախի դիմաց. Շահնազարյան
Ներկայիս արտաքին գործերի նախարարը Արցախի հարցով չի զբաղվել, չգիտեմ՝ ինչքանով տեղյակ է, բայց ես նրան համարել եմ բարձր կարգի դիվանագետ, սակայն ինչպիսի նախարար է, թույլ տվեք չասել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։
Նա նշեց, որ նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը սատարել է:
«Ներկայիս իշխանությունը նպատակադրված քաղաքականություն է իրականացնում՝ իշխանություն Արցախի դիմաց», - ասաց նա:
Դավիթ Շահնազարյանը կործանիչ ավիացիայի ստեղծումը վիճելի համարեց, թե որքանով է արդյունավետ և հարց բարձրացրեց, թե որտեղ են վարժանքներ իրականացնելու, քանի որ ՀՀ տարածքը փոքր է:
«Ադրբեջանը բացարձակ գերակայություն ունի օդում, իսկ մենք՝ հրթիռային համակարգերում, հակաօդային հարցում ունենք առավելություն», - ասաց նա։
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այսքանով իր խոստացած անակնկալները չեն ավարտվում և առաջիկայում ևս նոր փաստեր կներկայացնի:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ասածը, թե նախկինում միայն հողերի հանձնման հարցն են քննարկել, դա պրոպագանտիստական հայտարարություն էր և չի համապատասխանում իրականությանը: