04/12/2018 18:36
Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով. Արման Եղոյան
«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ`դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում», - Yerkir.am-ին ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Այսօր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը:
«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», - ասել է Յ. Ուշակովը լրագրողներին:
Նա նշել է, որ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջարկել է հետաձգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսի հասնելը», - լրագրողներին ասել էր Նիկոլ Փաշինյանը։