04/12/2018 15:20
Եթե ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, ապա կհետևեմ Համազգայինի գործունեությանը՝ որպես հանդիսատես. Սուրեն Շահվերդյան
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված մթնոլորտը չի հանդարտվում, թեև, կարելի է նկատել, որ «համազգայինցիների» կողմից չընդունվող նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը հրապարակավ հաշտության քայլեր է անում՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում անելու միջոցով դերասաններին առաջարկելով բազմաթիվ տարբերակներ, ընդհուպ՝ միմյանց չհասկանալու դեպքում իր՝ թատրոնից հեռանալը:
Այսօր առավոտյան էլ վերջինս բարի լույս է մաղթել թատրոնի արտիստներին ու թատերասեր հասարակությանն ու գրել.
«Երեկվանից լրագրողները ինձ հետևյալ հարցն են տալիս՝ եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից։
Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները մերժեն իմ առաջարկը` «ՔԱՅԼ ԱՆԵԼ ՄԻԱՍԻՆ» և ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, և բոլորը չեն համախմբվել, որպեսզի իրենց թեկնածուն լինի տնից և ինչպես ուզեն, այնպես էլ շարժվեն, եթե նրանց այդ ցանկությունը ինքնանպատակ չէ, այլ նրանց քայլերը ավելի կառուցողական են, քան իմ առաջարկած քայլերը, ապա ես… կգրկեմ բոլորին մեկ առ մեկ, կասեմ, որ սիրում եմ նրանց, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը՝ որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող»:
Հատկանշական է, որ Սուրեն Շահվերդյանի այս գրառման տակ Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասանները ձեռնպահ չեն մնացել երկխոսելուց, թերևս՝ ևս մեկ անգամ հաստատելով իրենց դիրքորոշումը:
Թատրոնի դերասանների կողմից գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջարկվող դերասանուհի, բեմադրիչ, ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը նկատել է.
«Սուրեն Շահվերդյան, կարդացի Ձեր հաշտության ուղերձը, բայց, ցավոք... Կհավատայի, եթե դրանից առաջ չլիներ Ձեր նախորդ հայտարարությունը. «Եթե թատրոնի անձնակազմը իմ ներկայացրած ծրագրին համաձայն չլինի, պատրաստ եմ հավաքել նոր թատերախումբ...»: Հիմա` «Չտացվեց սրով, կփորձենք սիրով»: Հասկանալի է, որ ուզում եք դրական տպավորություն թողնել հասարակության և, ավելի շատ, Մշակույթի նախարարության վրա։ Չէ որ օրերից մի օր պիտի որոշում ընդունեն»:
Դերասանուհու մեկնաբանությանն ի պատասխան Սուրեն Շահվերդյանը հիշեցրել է, որ, ցավոք, Մշակույթի նախարարությունը այսօր դեռևս չի կարող տալ այս խնդրի լուծումը, քանի որ այսօր թատրոնի մասին հստակ օրենք դեռևս չունենք:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից Համազգային թատրոնի դերասանները պահանջում են գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Օրերս նա հրաժարվեց միայն Գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ առանց թատրոնի արտիստների հետ համաձայնեցնելու այդ պաշտոնում նշանակելով բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ում ևս դերակասանական կազմը չի ընդունում: Թատրոնում գեղարվեստական ղեկավարի նրանց թեկնածուն Նարինե Գրիգորյանն էլ, տնօրենի պարտականություններն էլ վստահում են դերասան Արման Նավասարդյանին:
Դեկտեմբերի 1-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի արտիստները գործադուլ են հայտարարել: Բողոքի ակցիան կդադարեցվի, երբ Վիգեն Չալդրանյանը կհրաժարվի նաև թատրոնի տնօրենի պարտականություններից: