04/12/2018 19:17
Բամբասանքներ, որոնք ապացույց չունեն. Վազգեն Ասատրյանը հերքում է, թե Պետգույքի կառավարման կոմիտեն Մարզահամերգայինում չարաշահումներ է հայտնաբերել
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, դա պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի որոշումն է, ինչը նա պայմանավորել է համալիրում չարաշահումների, ռիսկերի կասկածների հետ:
Aysor.am-ի հետ զրույցում Վազգեն Ասատրյանը հիշեցրեց՝ իր պայմանագրի ժամկետը լրացել էր դեռևս հուլիսի 1-ին, հենց այդ ժամանակ էլ կարգադրություն ստացավ ազատել տարածքը: Սակայն վերջին պահին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն էր, իրեն հետ կանչեցին ու պայմանագիրը երկարացրեցին 5 ամսով:
«Բնականաբար, ես այդ աշխատանքների մեջ ներառված էի, ձմեռվանից դրանով էի զբաղվում: Ֆրանկոֆոնիան անթերի, բարձր մակարդակով անցավ, ինչը Հայաստանի համար պատիվ էր: Մենք մեր պարտականությունը գերազանց կատարեցինք, բոլորը հիացած էին… Ինձ «օգտագործեցին» ու հրաժեշտ տվեցին, պայմանագիրս վերջացավ, էլ չեն երկարացնում: Ինչ վերաբերում է չարաշահումներին՝ սուտ են, հորինված բամբասանքներ, որոնք, պարզ է, որևէ ապացույց չունեն: Դա ուղղակի պատճառաբանություն է: Նարեկ Բաբայանն ասել է, թե պահակային ծառայությունն իրականացվում է 15 աշխատակցի կողմից, սակայն 24 աշխատողի համար է մրցույթ եղել, և համալիրը ծախս է կատարում 24 աշխատողի համար: Բայց մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք: Մենք ժամանակին մրցույթ ենք հայտարարել, որտեղ 24 հոգի են եղել՝ 15 հոգին պետք է լիներ շենքում, ու միշտ լինում էր, մյուսները՝ շրջիկ՝ համալիրի տարբեր տարածքներում: Բնականաբար, 15-ին ես միշտ տեսնում էի, դրսի տղաներն էլ իրենց գործը նորմալ էին անում, բայց հո ամեն անգամ չէ՞ի գնալու հաշվելու, հո այստեղ գաղութ չի՞: Պահակային ծառայություն իրականացնող ֆիրման իր պարտականությունը կատարել է: Այս տարվա ամռանը, երբ Երկրապահի հետ կապված բացահայտումներ եղան, նրանց բոլոր պայմանագրերը դադարեցվեցին, քանի որ այդ ընկերությունը ևս Երկրապահին էր պատկանում: Մենք էլ դիմեցինք իրավաբաններին, դիմեցինք Պետգույք, Համալիրի իրավաբանները զբաղվում էին, որպեսզի մենք էլ դադարեցնենք իրենց հետ համագործակցությունը: Բայց իրենց կողմից որևէ խախտում չկար, մեզ հետ շատ բարեխիղճ ու նորմալ, առանց միջադեպի աշխատել են: Իսկ թե 15 աշխատակից են օգտագործել, թե 24՝ իրենց խնդիրն է, մենք ի՞նչ կապ ունենք, կարևորը՝ մեր տարածքը լավ է հսկվել, ոչինչ չի փչացել, չի կոտրվել ու չի կորել», - մանրամասնեց Վազգեն Ասատրյանը:
Մարզահամերգային համալիրի աշխատակիցները, նաև մի շարք վաստակաշատ ու վաստակավոր արտիստներ, պատվավոր քաղաքացիներ, ի պաշտպանություն Վ. Ասատրյանի, ստորագրահավաք են կատարել ու այն ուղարկել Ն. Բաբայանին: Վերջինս էլ իր հարցազրույցներից մեկում նշել է, թե որոշ տեղեկություններ ունի, որ ոչ բոլորն են սիրահոժար ստորագրել:
«Ես կարող եմ ասել, որ Նարեկ Բաբայանը ստում է: Նա ապացույց ունի՞, որ դա իմ հրահանգով է արվել: Ես նույնիսկ տեղյակ չեմ եղել, հենց եկա իմ աշխատասենյակ, հավաքարարները թուղթը բերեցին ու դրեցին իմ սեղանին: Ասեմ ավելի, երբ հուլիս ամսին ինձ հանում էին, աշխատողները ցանկանում էին այստեղ մամուլի ասուլիս կազմակերպել, բայց ես խնդրեցի՝ այդպիսի բան չանեն: Ինձ համար նման բաները շատ տգեղ ու սխալ են, միշտ արգելք եմ հանդիսացել այդ բաներին: Ես արդեն շենքում չեմ, գնացել եմ, կարող եք գնալ ու աշխատակիցներին հարցնել: Ենթադրություններով հայտարարություններ անելը զրպարտել է նշանակում, չի կարելի: Ուղղակի իրենք չէին սպասում, որ կոլեկտիվը, այս շենքի ճարտարապետներ պարոն Պողոսյանն ու Մուշեղյանը կստորագրեն, Արթուր Մեսչյանը, Արթուր Իսպիրյանը, Ռուբեն Հախվերդյանն ու բոլոր դերասանները, վաստակավոր գործիչներն ու երգիչ-երգչուհիները կստորագրեն: Էս քաղաքում մարդիկ ինձ ավելի շատ տարիներ են ճանաչում, քան Նարեկ Բաբայանի տարիքն է: Երեք տարի առաջ այստեղ խուլիգանանոց էր, լուսավորություն չկար, հիմա զբոսայգի է դարձել: Էլ չասեմ, որ գրեթե մեռած, չաշխատող Մարզահամերգային համալիրը վերակենդանացավ: Սա Հայաստանի Հանրապետության միակ ՊՈԱԿ-ն է, որ այս երեք տարվա մեջ աճ է ունեցել, մեկտեղ՝ բոլոր հարկերն ու տուրքերը վճարել. 2016 թվականին շուրջ 31 միլիոն ենք վճարել, 2017-ին՝ 78 միլիոն, այս տարի արդեն 80 միլիոնն անցել ենք: Սովորաբար ՊՈԱԿ-ները «լացում» են, գումար են ուզում պետությունից», - ընդգծեց նախկին տնօրենը:
Դիտարկմանը՝ տեսնո՞ւմ է այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ, պատասխանեց.
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում ու չեմ էլ զբաղվելու: Որևէ կուսակցության անդամ չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինելու: Ես մշակույթի, արվեստի մարդ եմ, սովորական երևանցի: Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում: Ինձ հետ պայմանագիրը չերկարացնելու պատճառներ չեմ փնտրում, դա բամբասանք կլինի: Իրենց նման չեմ, որ առանց ապացույցների խոսեմ, ենթադրություններ անեմ ու բարձրաձայնեմ: Միայն զարմացած եմ, քանի որ վարչապետը միշտ ասում է՝ եթե կոռուպցիա, չարաշահում չկա, պրոֆեսիոնալ մարդկանց պահեք, թող աշխատեն: Դե, ինձ մոտ կոռուպցիա չկա, չարաշահում չկա, թող գան, ստուգեն, համոզվեն, ինչո՞ւ չեն գալիս: Հիմա ես որ հայտարարեմ Դոնալդ Թրամփի եղբայրն եմ, հավատալո՞ւ են, ապացույց պետք չի՞»:
Մարզահամերգային համալիրի տնօրենի պարտականությունները հիմա ժամանակավորապես կատարում է փոխտնօրենը: Առաջիկայում թափուր մնացած տեղի համար մրցույթ է հայտարարվելու: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն առաջարկել է, որ Վազգեն Ասատրյանը ևս մասնակցի, սակայն նախկին տնօրենը նման ցանկություն չունի: Ասում է՝ եթե նախկինում մտածում էր մասնակցության մասին, ապա հիմա միտքը փոխել է: Պատճառաբանում է՝ դա իր 60 տարեկան հասակի համար վիրավորական է, քանի որ, եթե մի բան մտածել են, ապա չեն էլ թողնի, որ ինքն անցնի:
Երաժիշտը հերքեց այն խոսակցությունները, թե իբր պատրաստվում է հեռանալ Հայաստանից ու կյանքը շարունակել ԱՄՆ-ում:
«Ես անկողնային հիվանդ, 90 տարեկան մայր ունեմ տանը, դպրոցական որդի ունեմ, ինչպե՞ս կարող եմ նրանց թողնել ու գնալ: Եղբայրս, այո, Միացյալ Նահանգների քաղաքացի է, այնտեղ նաև շատ բարեկամներ ու ընկերներ ունեմ, ինչն էլ երևի նման ենթադրության առիթ է դարձել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վազգեն Ասատրյանը: