04/12/2018 20:17
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ և թարմությամբ, այլև նրա համարձակ դիրքորոշմամբ, ազատության հանդեպ սիրով և մտավորականի անթերի կերպարով:
Ցավակցություններս եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքին, ընկերներին և նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: Ի դեմս Անդրեյ Բիտովի՝ հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս իր անկեղծ բարեկամին: Թող հարգելի Անդրեյ Գեորգիի հոգին հանգչի խաղաղությամբ: Նրա «Հայաստանի դասերը» դարձել են դասեր նաև մեզ համար»: