04/12/2018 12:17
Շահնազարյան. Հարցրեք Սասուն Միքայելյանին՝ ինչպես զիջվեցին Օմարի բարձունքները և ո՞ւմ էր ուզում գնդահակահարել Վազգեն Սարգսյանը (Տեսանյութ)
Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, ծրագրված էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
«Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց այդ ասածը: Հասարակության ինչ-որ մաս նույնպես սկսեց պաշտպանել Սասուն Միքայելյանին և նրա ասածը, այսինքն՝ հասարակության մի մասին պատրաստում է ընդունել տալ այն, ինչ ծրագրել են», - ասաց նա:
«Արցախի հարցում իրենց համար խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնի մեջ եղած մետաղի քաշն էր… մի ատրիբուտ էլ ունեն խորհրդանիշ, որի մասին այսօր չեմ խոսի: Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդահակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար», - ասաց Դ.Շահնազարյանը։
Նա աբսուրդ համարեց կոչը, թե Արցախի թեման պետք է հանել քարոզարշավի շրջանակներից:
«Ինչ-որ մարդիկ ինձ մոտ էլ են եկել, ենթադրում եմ, որ իշխանություններն են ուղարկել, փաստեր չունեմ», - ասաց նա: