05/12/2018 11:42
Եթե իմ ներկայացրած ուժից որևէ մեկը փորձի դպրոցները ներգրավել քարոզարշավի մեջ, կհասնեմ նրան, որ ինքնաբացարկ հայտնի. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)
ԿԳ նախարարի պատոնակատար Արայիկ Հարությունյանը պնդում է՝ որևէ ուսումնական հաստատություն ներգրավված չէ նախընտրական քարոզարշավին:
«Մարզերի դպրոցներից մեկ-երկու նման ահազանգեր եղել են, որ կարող է նման երևույթ լինել, դրանք ստուգվել են ու պարզվել է, որ նման դեպք չի եղել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով Հանրապետականի կողմից այս մասով հնչող ահազանգերին՝ Հարությունյանն ասաց, որ ինքը այդ մասին մամուլի ոչ մի հրապարակման չի հանդիպել, ոչ էլ որևէ այլ ապացույց է տեսել:
«Որևէ ապացույց, որ ուսուցիչներն ու երեխաները ներգրավված են, կա՞, չկա: Այդպես չի լինում 21-րդ դարում, որ բոլորի ձեռքերում մի նկարող սարք, սմարթֆոն կա, պե՞տք է չէ գոնե մի ապացույց լինի: Բացառում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավին վարչական ռեսուրս ներգրաված լինի: Եթե նման տեղեկությունները հաստատվեն, իմ ներկայացված ուժից որևէ մեկը փորձ կանի նման քայլի գնալ, ես կհասնեմ նրան, որ ինքն ինքնաբացարկ հայտնի», - նշեց նա:
Նախարարի պաշտոնակատարը նաև նկատեց, որ քարոզարշավն աննախադեպ հավասարության պայմաններում է ընթանում և ինքը չի հիշում նախկինում իրավիճակ, երբ, օրինակ, հեռուստատեսությունը հավասար հասանելի լիներ բոլոր ուժերի համար: