05/12/2018 11:24
Հայաստանը ո′չ խնդրանքով, ո′չ էլ առաջարկով չի դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգելու համար. Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվելու է կոնսենսուսով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է Հայաստանի խդրանքով, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Արման Եղոյանն էլ ասել է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։ Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»։
Անդրադառնալկով հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմը նման հայտարարություն անում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց՝ «չեմ կարող ասել, տարօրինակ է»։
Հարցին՝ քննարկվելո՞ւ է այս հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Մենք հանդիպումների ժամանակ բոլոր հնարավոր հարցերը քննարկում ենք, բայց չեմ կարծում, որ ՌԴ նախագահի հետ պետք է իր օգնականի հայտարարությունները քննարկեմ, շատ ավելի կարևոր հարցեր կան։ Այդ մանրամասներն այդքան էլ հետաքրքիր չեն։ Ես ձեզ ասել եմ, որ այս համատեքստում գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր ենք քննարկում այդ համատեքստում և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ էֆֆկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների ու այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների հարցն է, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության առաջ ու կազմակերպության պարտավորությունների հարցը անդամ երկրների առաջ և երկրների փոխադարձ պարտավորությունների հարցը»։
Նա նշեց, դեկտեմեբրի 6-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենալու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որն ունի օրակարգ ու նաև ոչ ֆորմալ շփում է նախատեսված ԱՊՀ շրջանակներում։