05/12/2018 15:43
Պետական դավաճանության մասին հայտարարող և այդ հանցագործության մասին հաղորդում չտվողը շառլատան է. Նիկոլ Փաշինյան
Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ ԱԱԾ ներկայանալ հրաժարվելուն:
Փաշինյանն ընդգծեց, որ այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
«Սա պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է», - նշեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ լրագրողների հետ հանդիպումներում իր արած հայտարարությունների համար:
Մասնավորապես անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր՝ «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»: