05/12/2018 09:39
«Հրապարակ». Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի «մեկ սենյականոցից» տեղափոխվելու է Մաշտոցի 47
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե Մաշտոցի 47 հասցեի շենքը պատրաստվում են տրամադրել Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որպես առաջին տիկնոջ նստավայր։ Մինչ մենք մտածում էինք՝ ինչպես և ումից ճշտել այդ տեղեկությունը, երեկ այդ մասին գրեց 168․am-ը։
Հիշեցնենք, որ Մաշտոցի 47-ում առայժմ տեղակայված է ՀՀ նախագահի նստավայրը։ Նախագահականի աշխատակցից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26։ Ասաց՝ երբ օրենքը կստորագրվի նախագահի կողմից, այն ուժի մեջ կմտնի, այն ժամանակ կխոսենք այդ մասին։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի ընտրվելուց առաջ այս շենքը, որը նախկինում կառավարության ընդունելությունների տունն էր, վերանորոգվել, վերապրոֆիլավորվել էր ՀՀ նախագահական նստավայրի, սակայն որպես նախագահի նստավայր՝ աշխատասենյակների քանակի և շենքի օպտիմալության առումով հարմար չէր։
Հիմա, ըստ էության, «ռակիրովկա» է տեղի ունենալու՝ Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի «մեկ սենյականոցից» տեղափոխվելու է Մաշտոցի 47։ Չնայած պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել»: