05/12/2018 14:26
Իմ հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում. Դավիթ Շահնազարյան
Պատրաստվում էի այսօր գնալ ԱԱԾ և հրապարակային հայտարարել, որ իմ հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ից գրություն ստացել է երեկ, որում նշված է եղել ներկայանալ ժամը 10:00-ին, մինչդեռ ինքը ստարագրել է թուղթը ու գրել, որ կլինի ԱԱԾ-ում ժամը 13:00-ին:
«Պատրաստվում էի գնալ այսօր այնտեղ և անել հայտարարություն, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն ինքը հարապարակեց այս ամենը մոտ ժամուկես-երկու ժամ առաջ: Դրանից հետո անիմաստ է ժամանակ կորցնել և գնալ այնտեղ: Ասելու էի ընդամենը, որ այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և դրանից հետո ուղղակի դուրս գալ այնտեղից», - նշեց նա:
Դ.Շահնազարյանն ընդգծեց՝ որոշել էր գնալ ԱԱԾ նաև այն պատճառով, որ ինքը ղեկավարել է այդ կառույցը և 23 տարվա ընթացքում որևէ բացասական գնահատական այդ կառույցին չի տվել՝ նշելով, որ այսօր ՀՀ-ում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն և պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը:
Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավիրելու իր առաջարկին՝ Շահնազարյանն ասաց, որ Փաշինյանը կարող էր ընդունել բանավեճի հրավերը և բարձրաձայնել, թե որտեղ է ինքը սխալվել:
«Բայց ի՞նչ է ասել վարչապետը, ըստ էության, ասել է՝ գնա, Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում: Էդ ինչի՞ վարչապետը երեկ վախեցավ գալ, հո չէ՞ր գալու ցուցմունք տալու: Ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով, դրանում կարող եք չկասկածել, սա սպառնալիք չէ, սա խոստում է», - ասաց նա:
Շահնազարյանը նաև կոչ արեց քվեարկել ՀՀԿ օգտին՝ նշելով, որ ով ընտրի իշխող կուսակցությանը, նրա ձայնը կլինի կրակոց Արցախի վրա: