05/12/2018 11:39
Առաջիկա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում պատրաստվում է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։
Լրագրողների հարցին՝ պատրաստվո՞ւմ է պարզաբանում պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյից առաջիկա հանդիպման ընթացքում, թե՞ սպասելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկմանը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Իհարկե, բա տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին, բա հո չե՞նք հետաձգելու»։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը նշել է, որ իրենք պատրաստ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին, և ինքն այս պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։
Վերջինս նաև նշել է, որ ոչ ոք չի ցանկանում ոտնահարել Հայաստանի իրավունքները։
«Փաշինյանը պետք է պարզապես զբաղվի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ Կկարողանա արդյոք Հայաստանը», - Ադրբեջանի դեսպանին ասել էր Բելառուսի նախագահը։
Ի պատասխան, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Բելառուսի նախագահի պահվածքը որակել էր ոչ կոռեկտ, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով իրավիճակին, ասել էր.
«Եղե՞լ է մի դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին ու ասի՝ գիտե՞ք ինչ, մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, եկել են մեզնից զենք են ուզում։ Եղե՞լ է նման իրավիճակ, չի եղել այսպիսի իրավիճակ։ Հետևաբար, այդ զենքը դուք նրանց վաճառում եք, որ իրենք մեր մայրաքաղաքը գրավե՞ն, այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը»։