06/12/2018 10:05
«Ժողովուրդ». Մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պարբերաբար հնչեցրած հայտարարություններին, թե Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով: Եվ այս առումով ամենացցուն օրինակը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանն է, որ այս տարիներին անցել է քրեական ամենատարբեր գործերով, այդ թվում՝ դատապարտվել ընտրակեղծարարության համար:
2017թ. ԱԺ ընտրություններում Ադամյանը քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով: Ու ժամանակին ընտրակեղծարարության համար դատապարտված քաղաքապետը հիմա էլ փորձում է ներքին կարգով միջամտել ընտրական գործընթացներին` չմոռանալով իրեն հռչակել անկուսակցական ու պատրանք ստեղծել, թե ոչնչի հետ գործ չունի: Նաև խուլիգանության համար է Ճամբարակի քաղաքապետին մեղադրանք առաջադրվել: Ու զարմանալին այն է, որ նոր իշխանությունները հանդուրժում են ամենատարբեր քրեական գործերով անցած քաղաքապետին, փոխանակ զբաղվեն նրա կատարած արարքներով»: