06/12/2018 14:25
Դատավորների նկատմամբ ճնշումներն այսօր ավելի շատ են, քան նախորդ իշխանությունների ժամանակ. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանի պնդմամբ՝ տարբեր մարզերում քարոզարշավի շրջանակներում մարդկանց հետ հանդիպումների ժամանակ դատարանների նկատմամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սպառնալիք են։
«Եթե դատարանները գործեն սպառնալիքների ազդեցության տակ, ապա որևէ դատական ակտ, ինչքանով էլ օբյեկտիվ դատական ակտ լինի, չի համարվելու օրինական, երբևիցե վիճարկվելու է ու առաջացնելու է կասկածներ։ Եթե այս ճնշումները, որ գոյություն ունեն դատական համակարգի նկատմամբ, դնենք իրար կողք ու վերլուծենք, կհասկանանք, որ այսօր իրավիճակը նույնն է, նույնիսկ ավելի վատն է, քան նախորդ իշխանությունների ժամանակ էր», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբանը։
Ալումյանի դիտարկմամբ, այս իշխանությունները նախորդներից հենց պետք է տարբերվեին դրանով, որ բացառեին դատարանների նկատմամբ ճնշումները։
Փաստաբանը կարծում է, որ դատավորները որոշումներ կայացնելիս կաշկանդված չպետք է լինեն ու կայացրած որոշումների պատճառով չհայտնվեն քննադատությունների թիրախում։
«Օրինակ, եթե իրենք որոշեն, որ պարոն Քոչարյանին անհրաժեշտ է ազատել, իրենք չպետք է զգան, որ հայտնվելու են թիրախի կարգավիճակում ու համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նրանց պատվերը կատարող», - նկատեց Ալումյանը։
Փաստաբանը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին հրաժարվել որդեգրած ոճից ու դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չգործադրել։
«Չի կարելի էսպես», - նշեց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում