06/12/2018 10:31
Ֆրանսիայում 2019-ի ընթացքում վառելիքի հարկը չի բարձրացվի
Ֆրանսիայում ամբողջ հաջորդ տարվա ընթացքում վառելիքի հարկը չի բարձրացվի, հայտարարել է բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի ուղիղ եթերում:
«Վառելիքի հարկի բարձրացումը չեղյալ է հայտարարված ամբողջ 2019 թվականի համար», - ասել է նա:
Երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է այն միջոցների մասին, որոնք կառավարությունը ձեռնարկում է ի պատասխան «դեղին բաճկոնների» շարժման պահանջների: Նա հայտնել էր, որ 6 ամսով կհետաձգվի բենզինի և դիզելային վառելիքի լրացուցիչ հարկի սահմանումը, չեղյալ է հայտարարվել ավտոմեքենաների տեխնիկական զննության արժեքի բարձրացումը, ժամանակավորապես սառեցված են էլեկտրաէներգիայի և գազի սակագները:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) չորեքշաբթի երեկոյան հավանություն է տվել կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթին: Այժմ այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է հայտնի Սենատը (խորհրդարանի վերին պալատը):