07/12/2018 18:38
Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանը կայացրեց այնպիսի վճիռ, որի իրականացման արդյունքում հայտնվելու եմ կալանքի տակ։ Այդ վճիռը քաղաքական որոշման արդյունք է, կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում, այդ մասին հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահի հայտարարությունը քիչ առաջ լրատվամիջոցներին ներկայացրեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Բավական է միայն նշել, որ մեղադրող կողմը դատարանում ներկայացնում էր դատախազների 6 հոգանոց խումբը՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ բան է։ Գործը քննող դատավորն ընտրել էր օրենքի ու ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը, առանց դատարանին սպասելու, վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։
Ես և թիմակիցներս վաղուց հայտարարել ենք՝ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնական հաշվեհարդար, վենդետա իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսված ձայնագրությունները։
Անցածս ուղին, կառավարման արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։
Բացի այդ, պարզ է, որ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր ճանաչել։
Վստահ եմ, որ վաղ, թե ուշ հասնելու եմ ազատության, վստահ եմ՝ ապացուցելու եմ իմ անմեղությունը։
Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված ապօրինի ու լկտի հետապնդման բոլոր հեղինակները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ ու դա լինելու է մոտ ապագայում։
Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում։
Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։
Ես սովոր եմ ծանր փորձությունների, և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։
Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը ստիպված եմ նվիրել պայքարի՝ հանուն ազատության և արժանապատվության»։