07/12/2018 16:17
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կկալանավորվի. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին:
Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Մեր հարցին, թե երբ կարող է ի կատար ածվել Վերաքննիչ դատարանի որոշումը, Ալումյանը չպատասխանեց՝ նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր կայանալիք ասուլիսում։
Նկատենք, որ որոշումը կարող է ի կատար ածվել այն ժամանակ, երբ կողմերն այն պաշտոնապես ստանան։ Այսինքն՝ մի քանի օր անց։
Ռոբերտ Քոչարյանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել։ Սակայն փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց, որ Քոչարյանը չի փախչի և կներկայանա։
Հիշեցնենք՝ հինգ օր շարունակ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոքներն ու միջնորդություններ էր ներկայացնում Վերաքննիչ դատարանում: Դատախազական կազմը, որը դատարանում նախագահում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, առարկել էր ներկայացված բոլոր բողոքներին ու միջնորդություններին:
Քոչարյանի փաստաբանները նրա կալանքի օրինականությունը կասկածի տակ դնող մի քանի բողոք էին ներկայացրել:
Հիշեցնենք նաև՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության: