07/12/2018 11:05
Դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր. Ավետիք Էլոյան
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, Գյումրիում կառավարության արտագնա նիստին հայտարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։
Նա ասաց, որ ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքի նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:
«Հարկ է նշել, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460.0 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Այդ մասին ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որի համաձայն կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը», - ասաց նա։
Էլոյանի խոսքով՝ դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ. ՀՀ դրամ։
«Ընդ որում, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 560.0 մլն. դրամ», - նշեց Ա. Էլոյանը։