07/12/2018 19:10
Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավոր «Հրաչ-Վաչեի» որոշումը. Վիկտոր Սողոմոնյան
Վերաքննիչ դատարանն, այսօր մերժելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքներն ու միջնորդությունները, ուժի մեջ թողեց դատավոր «Հրաչ-Վաչեի» որոշումը, որը ուզեր-չուզեր պետք է կալանք նշանակեր, այսօր վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նկատենք՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև գաղտնալսված զրույցում ԱԱԾ տնօրենն իր խոսքում մատնանշում էր «դատավոր Հրաչի» անունը և ասում, որ դատավորն իրեն զանգել էր ահաբեկված։
«Բոլոր խոսակցությունները, որ վերջին օրերին, մեկ ամիս առաջ լսում, ծիծաղում էինք, զարմանում էինք, որ կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի ու ընդհանրապես հասարակության վրա։ Այսինքն՝ ուղղակի նեղ անձնական շահերից ելնելով՝ պետք է որոշել կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին՝ ուզի-չուզի պետք է նստի։ Սա աննախադեպ է մեր պատմության մեջ», -հայտարարեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը՝ հարուցված քրեական գործը, «անձնական վենդետայի մոլուցքը», գաղտնալսված զրույցում նկատվող «կենցաղային քննարկումները», խայտառակություն է։
Սողոմոնյանն ասաց, որ կասկած չունի՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ։
«Նա մեծ անելիքներ ունի և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի համար։ Ժամանակը կանցնի և ամեն ինչ իր տեղը կընկնի», - նշեց Սողոմոնյանը։