07/12/2018 17:25
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը քաղաքական էր. Փաստաբան
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանը քաղաքական է համարում Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Քոչարյանին դարձյալ կալանավորելու մասին։
«Սա միանշանակ քաղաքական որոշում էր և այն կայացվել է ճնշումների ներքո», - այսօր որոշման հրապարակումից հետո հայտարարեց փաստաբանը։
Նա հայտարարեց նաև, որ չեն սպասի ներպետական դատական ատյաններում բողոքարկումները սպառելուն և կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Պաշտպանական խմբին հայտնի չէ՝ երբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, սակայն Ռուբեն Սահակյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափի կալանավորվելուց։
«Նա երբեք չի արել այնպիսի բաներ, որոնք կարող էին թույլ տալ քննչական խմբի ղեկավարին հայտարարել, որ նա կխուսափի», - նշեց Սահակյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ որոշման իրականացման ժամկետներ չկան, սակայն նախընտրական թոհուբոհ է, վաղը լռության օր և նախաքննական մարմինը պետք է հապշտապ կալանավորվի։
«Պետք է հրամցնել հասարակությանը, որ Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ի օգտին», - հեգնեց փաստաբանը։