07/12/2018 11:20
Շատ մեծ գումարով շատ գործ կա անելու. Նիկոլ Փաշինյանը՝ աղետի գոտու մասին
Գյումրիում կառավարության արտագնա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի ու ինչ ծավալի մասին է խոսքը։
«Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձևավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ», -ասաց նա։
Նիկոլ Փաշինյանին հակադարձեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ նշելով, թե համաձայն չէ, որ ծանոթ չեն իրավիճակին։
Վարչապետի պաշտոնակատարը հետաքրրքվեց, թե, այդ դեպքում, ինչքա՞ն գումար է անհրաժեշտ պրոբլեմը լուծելու համար։
«Շատ», - արձագանքեց Էլոյանը։
«Պարոն Ջավադյան, կարո՞ղ եք շատ գումար տալ կամ Ֆինանսների նախարարությունը կարո՞ղ է շատ գումար տալ», - հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ մեծ գործ կա անելու շատ մեծ գումարով։
«Ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է՝ ձևավորում եք փաթեթ ու հստակ թվերով, գումարով. հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչքան գումար է պետք ու ինչքան ժամանակ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։