07/12/2018 11:03
2018-ին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 միլիոն 425 հազար դրամ. Պապիկյան
Գյումրիում մեկնարկել է ՀՀ կառավարության արտագնա նիստը։
ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը։
Նա ասաց, որ 2018-ին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 միլիոն 425 հազար դրամ։
«Շիրակին հատկացվել է 354 միլիոն 915 հազար, իսկ Լոռիին՝ 419 միլիոն 510 հազար դրամ», - նշեց Սուրեն Պապիկյանը։
Նա ասաց, որ գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրում 54 ծրագիր իրականացնելու համար:
Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42 միլիոն 973 հազար դրամ։
Ս. Պապիկյանի խոսքով՝ 2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր՝ 1,599,282.1 հազ. դրամ ընդհանուր բյուջեով:
«27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903,809.4 հազ. դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381,274.3 հազ. դրամ», - ասաց Ս. Պապիկյանը։
Նախարարաի պաշտոնակատարն ասաց, թե Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազ. դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին:
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 939 միլիոն 574 հազար դրամ», - ասաց Ս. Պապիկյանը։
Նրա խոսքով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ:
«USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղ. գործիքներ ձեռք բերելու նպատակով հակտացվել է 1,486,9 մլն դոլար», - նշեց նա։
Սուրեն Պապիկանը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր։