07/12/2018 13:09
ԱՄՆ. Ռուսական բանկերը կարող են անջատվել միջազգային SWIFT համակարգից
ԱՄՆ-ի Ուկրաինայի հարցերով պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերը հայտարարել է, որ ռուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ կարող է փակվել: Բացի այդ, ռուսական բանկերը կարող են անջատվել միջազգային SWIFT համակարգից:
Նման միջոցները կարող են պատասխան լինել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, մասնավորապես, Կերչի նեղուցում Ուկրաինայի նավերի բռնազավթմանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ուոլքերն ընդգծել է, որ Ղրիմի մոտ գտնվող տարածքային ջրերն ուկրաինական են, ուստի Ռուսաստանը չի կարող լիովին վերահսկել Կերչի նեղուցը:
Ինչպես նշել է Ուոլքերը, Միացյալ Նահանգները պահանջում է, որ Ռուսաստանը վերադարձնի Ուկրաինայի նավատորմն ու նավերը: Դիվանագետի խոսքով՝ Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Աններգրեթ Քրամփ-Կարրենբաուերն առաջարկել է փակել Ազովի և Ղրիմի ծովից ժամանող ռուսական նավերի համար եվրոպական նավահանգիստները:
Ռուսաստանին կառուցողական բանակցություններ վարելու ստիպելու համար ևս մեկ քայլ է ռուսական բանկերի միջազգային SWIFT ցանցից անջատումը:
Ուոլքերն ասել է, որ դա «միջուկային գործառույթ» է, որը սպառնալիքի տակ կդնի ոչ միայն Ռուսաստանին, այլև դաշնակիցներին:
Սակայն, ըստ Ուոլքերի՝ հարկ է հաշվի առնել նման միջոցառման հնարավորությունը, քանի որ այլևս հնարավոր չէ նայել, թե ինչպես է Ռուսաստանը նոր հարձակումներ ձեռնարկում հարևըանների հանդեպ: