07/12/2018 15:33
ԱՄՆ-ը 75 տարվա ընթացքում առաջին անգամ նավթն ավելի շատ արտահանել է, քան՝ ներմուծել
Միացյալ նահանգներն անցյալ շաբաթ օրական 211 հազար բարելով ավելի է նավթ արտահանել, քան ներմուծել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալներին:
Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել վերջին 75 տարվա ընթացքում առաջին անգամ: Նախադեպի հիմքը դրվել է ԱՄՆ նավթի ներմուծման կարճաժամկետ և կտրուկ նվազման և միաժամանակ ածխաջրածնային հումքի արտահանման մակարդակի ռեկորդային բարձրացման հաշվին:
Գործակալությունը՝ հաշվի առնելով հումքի շուկաներում պահպանվող անկայունությունը, կանխատեսում է, որ հետագայում ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ավելի շատ նավթ կգնի, քան կվաճառի:
2018 թվականին ներմուծումն արտահանումը գերազանցել է օրական միջին հաշվով 3 միլիոն բարելով, իսկ 2005 թվականին այս ցուցանիշը հասել էր օրական ավելի քան 12 միլիոն բարելի գագաթնակետին: