07/12/2018 18:36
Ինչո՞ւ կրկին հետաձգվեց Գյումրու՝ երկրաշարժից տուժած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը. պարզաբանում է Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Դեևս օգոստոս ամսին՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր՝ նախատեսված է 30 մլն դրամ հատկացնել երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու և դեկտեմբերի 7-ին այն բացելու համար: Aysor.am-ը երեկ հետաքրքրվեց նախարարի պաշտոնակատարից՝ արդյոք եկեղեցու հիմնանորոգումն ավարտին է հասցվել և այն դռները կբացի հավատացյալների առջև:
«Մշակույթի նախարարության մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց խնայողություններն ուղղել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքների այն հատվածին, որը կարող էինք ստանձնել: Բայց, ցավոք, որոշակի խնդիրներ առաջացան հենց այնտեղ. գումարը չծախսվեց ու վերադարձվեց պետական բյուջե: Ասպես ասած՝ խնայողություններ եղան, հատկացումները կատարվեցին, բայց չօգտագործվեցին», - պարզաբանեց Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ու հավելեց, որ այս օրով այս թեմայի շուրջ ավելին ասել չի ցանկանա:
Կապ հաստատեցինք նաև Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ով անդրադառնալով եկեղեցու վերաբացմանը՝ նկատեց՝ բարի ցանկություն էր, որը չիրականացավ, չհասցրեցին:
«Դեռևս նախկին իշխանությունների հետ պայմանավորվածություն կար: Նրանք պետք է ամեն ինչ անեին, որ այսօր՝ այդ արհավիրքի 30-րդ տարելիցին, Սուրբ Ամենափրկիչը պատրաստ լիներ: Բայց իշխանափոխություն եղավ, մինչև ամեն ինչ հունի մեջ ընկավ, ձգձգվեց ու գործնականում հնարավոր չեղավ ավարտին հասցնել», - նշեց մեր զրուցակիցը:
Տևական ժամանակ է՝ եկեղեցու վերականգնումը գրեթե ավարտական փուլում է, սակայն, չգիտես թե ինչ պատճառով՝ բարերարն այն ավարտին չի հասցնում:
Տ. Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը նկատում է՝ եկեղեցին ամբողջությամբ վերականգնված, վերակառուցված է, ուղղակի վերաբացման համար ներքին հարդարումը պետք է ավարտվի: Դիտարկմանը, թե ինչո՞ւ ներքին հարդարման համար չեն օգտագործել նախարարության հատկացրած գումարը, և ինչո՞ւ է այն վերադարձվել պետբյուջե, պատասխանեց.
«Չի օգտագործվել, որովհետև հնարավոր չէր այդ կարճ ժամանակամիջոցում անել այն, ինչ պետք էր անել: Ու եթե չես օգտագործում, այն վերադառնում է պետբյուջե: Եվ հետո, նախարարության կողմից հատկացված գումարը բավարար չէր վերաբացման համար, որոշ հավելյալ ծախսեր կային, որը ոչ ոք հանձն չառավ»:
Թեմի առաջնորդն այլևս հրաժարվում է ժամկետներ նշել, թե երբ երկրաշարժ ապրած եկեղեցին կվերաբացվի:
«Արդեն ոչ մի տեղ չունենք շտապելու: Անցած տարի ես նախագահին (Սերժ Սարգսյանին՝ հեղ.) ասեցի, նա էլ խոստացել էր, որ ամեն ինչ կարվի, որ 2018-ին 30-րդ տարելիցով Ամենափրկիչի հարցը փակվի: Եթե հիմա չեղավ, ապա սրանից հետո մեկ, թե երկու տարի կտևեն աշխատանքները՝ միևնույն է, դա ոչինչ չի փոխում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տ. Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը։