09/12/2018 11:34
Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, Քոչարյանը մեղադրվում է հստակ հոդվածներով. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)
Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, քրեական օրենսգրքում կան հստակ հոդվածներ, որոնցով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Քոչարյանի գործին ու կարծիքներին, որ նրա կալանավորումը քաղաքական հետապնդում է։
«Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով իր մասնակցությամբ գաղտնալսման երկրորդ մասի հրապարակմանը՝ ԱԱԾ տնօրենն ասաց.
«Ի՞նչ եմ ասել ես գաղտնալսման ժամանակ։ Գաղտնալսման տեքստը բոլորդ լսել եք, բոլորդ գիտեք։ Նախ ասեմ, որ մոնտաժված է, այնքանով, որ այն մասերը, որոնք ձեռք չեն տալիս գաղտնալսողներին, հանած են, չկան։ ԱԱԾ տնօրենը, եթե զեկուցում է վարչապետին մի տեղեկատվություն, ինքը չի մանրամասնում, թե որտեղից ստացավ տեղեկատվությունը, ով իրեն զանգեց։ Եթե ես իրեն ասեմ՝ ես տեղեկություն ստացա էսինչից, էնինչի մասին, դա նորմալ չի չէ՞ վարչապետին զեկուցելիս։ Այդ իսկ պատճառով հակիրճ ասել եմ։ Այստեղ մի կարևոր դրվագ կա։ Վարչապետն ասաց՝ ապահովի դատարանի անկախությունը, որ ոչ մեկ դատարանի վրա ճնշում չփորձի գործադրել, սա է եղել վարչապետի ասածը», - ասաց Արթուր Վանեցյանն՝ ավելացնելով.
«Ես չեմ կանխորոշում դատական պրոցեսի ելքը։ Ես չգիտեմ, որ կկալանավորվի, ես գիտեմ, որ ընթանում է դատական պրոցես, որի արդյունքում կլինի որոշում։ Ես այդպես ասե՞լ եմ, կարող ա ինչ-որ բառի բան է եղել, ես չգիտեմ»։
Նա ընդգծեց՝ երբևիցե որևէ բան չի արել, որից կամաչի որպես ԱԱԾ տնօրեն։
Անդրդառանալով դիտարկմանը՝ ազգային անվտանգության խնդիր չի՞ տեսնում, նրանում, որ ՀՀ առաջին դեմքի հեռախոսազրույցը գաղտնալսվում է, Վանեցյանն ասաց.
«Որ հեռախոսը գաղտնալսեցին, չի նշանակում, որ ազգային անվտանգության սպառնալիք կա։ Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ են լսել, սաղին էլ լսել են, հլը մի մասին էլ լսել են՝ չեն ասել»։
Ինչ վերբերում է գաղտնալսման հեղինակներին՝ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ շատ է ցանկանում, որ դեպքը բացահայտվի.
«Եթե դուք կարծում եք՝ ես չեմ ուզում բացահայտվի, աշխարհում ամենաշատը ես եմ ուզում բացահայտվի»։