09/12/2018 22:43
Հայաստանում հեղափոխությունն ավարտվեց և վաղվանից սկսում է դասական քաղաքականության ժամանակաշրջանը. Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ լրատվամիջոցներով դարձյալ առաջ է գալիս այն հարցը, որն առաջացել է Երևանի ավագանու ընտրություններից հետո, այն է՝ ընտրողների քիչ մասնակցություն։
«Երբ վերցնում եք ընտրություններին մասնակցած քաղաքացիների տոկոսները, պետք է հաշվի առնել ընտրացուցակային ընտրողների տոկոսները։ Հասկանալի է, որ Հայաստանում այնքան ընտրող չի ապրում, որքան որ հրապարակված է», - Aysor.am-ի հետ զրույցում Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ նախկինում ընտրողների թվականն ավելի էր լինում, դա պայմանավորված էր ընտրակաշառքով։
«Դրանք ընտրակաշառքով եկածներն էին, ովքեր էականորեն ազդում էին ընտրությունների արդյունքների վրա», - նշեց Ա. Բադալյանը։
Նա ասաց նաև, թե ընտրողների մի մասը չի մասնակցել քվեարկությանը, որովհետ 11 ուժերի մեջ չի գտել իր շահերը ներկայացնող կուսակցություն կամ դաշինք։
«Էականն այն է, որ Հայաստանում հեղափոխությունն ավարտվեց և վաղվանից Հայաստանում սկսում է դասական քաղաքականության ժամանակաշրջանը։ Իսկ ընտրություններին մասնակցության 50 տոկոսի վրա ուշադրություն դարձնել պետք չի, քանի որ ոչ ոք, բացի ոստիկանությունից ու ԱԱԾ-ից, չի կարող ասել, թե այսօր Հայաստանում փաստացի որքան բնակիչ է ապրում»։
Քաղտեխնոլոգը նաև նշեց, թե ընդհանրապես չպետք է այս ընտրություններին մասնակցության թիվը համեմատել նախորդ որևէ ընտրության հետ. դրանք այսուհետ պետք է համեմատել հեղափոխությունից հետո եղած ընտրությունների արդունքների հետ։