09/12/2018 10:28
Քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, այսօր իր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող, կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
«Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունը այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին, դա շատ կարևոր է, հատկապես, երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն։ Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանն ինչ կարելի է անել, այսօր տանը նստելն է», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց՝ իր երկրորդ ակնկալիքն այն է, որ օրվա վերջին «մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն»։
«Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում։ Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր, մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարներն այդ մարտահրավերներից՝ անհամեմատ ավելի փոքր և ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո մենք կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա ու չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը տարածաշրջանում», - ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։