09/12/2018 22:00
Արարատ Միրզոյանն ընտրությունների ցածր մակարդակը բացատրում է անձրևով և ժողովրդավարական հասարակարգով
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով թեկնածու առաջադրված Արարատ Միրզոյանը չի կարծում, որ ընտրություններին մասնակցության թիվը քիչ է եղել.
«Իրականում մասնակցությունը, կարծես, ցածր չէ, բարձր էլ չէ: Բացի այդ, մենք պետք է իմանանք, որ թվից ենք իրական տոկոսը հաշվում: Սոցցանցերում էլ շատ են պնդումներն այն մասին, որ իրական ընտրողների թիվը՝ այսինքն՝ երկրում գտնվողների թիվը, այնուամենայնիվ, ավելի փոքր է, քան ավանդաբար որպես հիմք հաշվարկի համար եկել է: Այս առումով գուցե մի քանի տոկոս իրական պատկերն ավելի է, քան վիճակագրական տվյալները կարող են խոսել, և հետո մի կողմից էլ անձրև է, երրորդը՝ ազատ, ժողովրդավարական հասարակարգերում մասնակցության շատ բարձր տոկոս չի գրանցվում: Մեդալը երկու կողմ ունի», - նկատեց Արարատ Միրզոյանը՝ խոսելով ընտրողների ընդհանուր թվի մասին:
Aysor.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ «Իմ քայլն» ունի ԿԸՀ աշխատանքից և արդյոք կվստահի նրա հրապարակած արդյունքներին՝ Միրզոյանն ասաց, որ այս օրերին հանդիպել է միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող անձանց հետ, որոնք ընդգծել են, թե նույն ընտրական օրենսգրքով, նույն ԿԸՀ կազմով միանգամայն այլ ընտրական գործընթացներ են կազմակերպվում.
«Այս առումով, իհարկե, թվերը վստահելի են», - ասաց նա:
Հիշեցնենք, ըստ ԿԸՀ տվյալների, խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը: Նկատենք, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 574 947 մարդ կամ ընտրողների 60.86 տոկոսը: