09/12/2018 11:28
Մենք քաղաքական կողմնորոշում չունենք ու բացարձակ անկախ ենք. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ղեկավարը չի համեմատում հայաստանյան նախորդ և ներկա ընտրությունները
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի ղեկավար Ուրսուլա Հացեկը այսօր վաղ առավոտյան սկսել է դիտորադական առաքելությունը և լրագրողներին հանդիպեց Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում տեղակայված 9/40 ընտրատեղամասում:
Նա ասաց, որ միացել է կարճաժամկետ ու երկարաժամկետ դիտորդների մեծ խմբին, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը:
Այսօրվա ընթացքում իրենց 70 հոգանոց մեծ թիմը, նրա խոսքով, դիտորդություն կանի հայաստանյան բոլոր ընտրատեղամասերում:
Նա ներկայացրեց էլեկտրոնային մի գրիչ, ասաց, որ դիտորդական թիմի բոլոր դիտողություններն ու նկատառումները գրառվում են այդ գրիչով նոթատետրում ու ֆիքսվում, որի մասին անմիջապես տեղեկանում են թիմի բոլոր դիտորդները:
«Առավոտից ես բոլոր տեղամասերից այս նորագույն տեխնոլոգիայի միջոցով ստանում եմ դիտորդների բոլոր նկատառումները` ինչ է կատարվում տեղամասերի ներսում ու դրսում», - նշեց Հացեկը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են անցնում հայաստանյան արտահերթ ընտրությունները` թավշյա հեղափոխությունից հետո, Հացեկը պատասխանեց, որ որպես ԵԱՀԿ անդամ երկիր, իրենց համար կարևոր է արդար, ազատ ընտրությունների անցկացումը բոլոր անդամ երկրներում:
«Մենք այստեղ ենք արդեն 12-րդ անգամ և ամենևին էլ օտար չենք Հայաստանի համար: Իհարկե, առանձնահատուկ մթնոլորտ է այս ընտրությունների շուրջ, բայց մենք պետք է լինենք միանգամայն անկողմնակալ, անկախ: Մենք քաղաքական որևէ կողմնակալություն չենք կարող հայտնել ու բացարձակ անկախ ենք ու այստեղ ենք ընտրական գործընթացը դիտարկելու համար` վստահ լինելու, որ ընտրական պրոցեսն անցել է միջազգային ստանդարտներին համապատասխան», - ասաց լեհ դիտորդը:
Aysor.am-ի հարցին, թե արդյոք տեսնում է ընտրական գործընթացում տարբերություն՝ նախորդ և ներկայիս ընտրությունների ժամանակ, Հացեկը պատասխանեց. «Մենք չենք սիրում համեմատել: Դուք կարող եք վերցնել նախորդ ընտրությունների մասին մեր զեկույցը ԵԱՀԿ-ի կայքէջից ու տեսնել համեմատությունները»:
Նրա խոսքով, յուրաքանչյուր ընտրություն իր ուրույն կողմն ունի: Հացեկը նաև հիշեցրեց, որ միջանկյալ զեկույց արդեն իսկ հրապարակել են, որտեղ հիմնական շեշտադրումներն արվել են:
Լրատվամիջոցների հետ ճեպազրույցից հետո Հացեկը մոտեցավ 9/40 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին, տեղեկացավ` ինչպես է եղել մինչ այժմ ընտրությունների ընթացքը, արեց գրառումներ, մի քանի րոպե մնաց, հետևեց և հեռացավ: