09/12/2018 08:00
Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան ժամը 8։00-ից բացվել են հանրապետության բոլոր՝ 2010 ընտրատեղամասերը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:
Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Ընդհանուր առմամբ Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս:
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.573.779 ընտրող:
Արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ:
Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ:
Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ կազմակերպությունները. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) և ENEMO (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։
Կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմ են համարվում 5 և 7 տոկոսը։