09/12/2018 12:30
Գիտեք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդը գա ընտրության՝ առանց փող վերցնելու. Արամ Սարգսյան
Գիտեք ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, գա ընտրության, քվեարկելուց հետո լրագրողներին ասաց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Երևի իմ կյանքի տասնյակ տարիներ նվիրել եմ դրան, գերկարևոր եմ համարել արդար ընտրությունները», - ասաց նա:
Սարգսյանը նկատեց, որ գոհ է մնացել նաև քարոզարշավից, մինչդեռ իրենց՝ որպես նորաստեղծ դաշինքի, մի քիչ ժամանակն է քչություն արել:
«Իմ մասնակցած քարոզարշավներից լավագույնն էր՝ հավասարության և ամեն ինչի առումով: Միակ թերությունը, որից անընդհատ բողոքել եմ, ժամանակի կարճությունն էր, միգուցե դա մեզ համար կարևոր էր, որովհետև նոր ձևավորված դաշինք ենք», - ընդգծեց նա:
Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հանրապետություն» և «Սոցիալ դեմոկրատներ» կուսակցությունները մասնակցում են «Մենք» դաշինքով: