09/12/2018 22:23
Վերջապես մենք ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ, ընտրատեղամասից տուն վերադառնալով, որևէ միջադեպի մասին հեռուստատեսությամբ չլսեցին. Լենա Նազարյան
Շատ հանգիստ անցան ընտրությունները, ամփոփելով ընտրությունների քվեարկության արդյունքները՝ Aysor.am-ին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը:
«Մենք սովոր ենք այլ ընտրությունների, անընդհատ սթրեսներ, վատ լուրեր, հիասթափություններ, բայց վերջապես մենք ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ նորմալ հանգստյան օրով գնացին իրենց ընտրությունը կատարեցին և, վերադառնալով տուն, որևէ միջադեպի մասին հեռուստատեսությամբ չլսեցին՝ վստահ լինելով, որ իրենց քվեն վերջապես կհաշվեն ու կգումարեն մնացածին», - ասաց նա:
Հիշեցնենք, ըստ ԿԸՀ տվյալների՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը: Նկատենք, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 574 947 մարդ կամ ընտրողների 60.86 տոկոսը: