09/12/2018 20:08
Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև որոշում կկայացվի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով
Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու ձերբակալությունից, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանեկը տեղական լրատվամիջոցներին հաղորդել է, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Չեխիայի մայրաքաղաքի ոչ կենտրոնական՝ Պրահա-5 թաղամասի բնակարաններից մեկում:
«Ձերբակալությունն իրականացվել է ոստիկանական հատուկ գործողությամբ, քանի որ կասկածներ են եղել, որ վերջինս զինված է», - ասել է Դանեկը:
Ըստ Պրահայի ոստիկանության՝ Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով:
Չեխական աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանը Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել 2018 թվականի հուլիսին՝ թմրամիջոցների և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: