09/12/2018 13:23
Հայաստանի դատական համակարգը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր է. Նիկոլ Փաշինյան
Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև՝ Քոչարյանի դատավարության գործով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով որակմանը, թե իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը ցույց է տալիս, որ Փաշինյանը դատական համակարգին ցուցումներ է տալիս:
«Այս հեռախոսազրույցների այն մասերը, որոնք ապացուցում են դա, մոնտաժված են: Քննչական մարմինները ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների են գործում», - նշեց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ կարող է պաշտոնապես հայտարարել՝ Հայաստանի դատական համակարգը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Յութուբում» հրապարակված իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսումը: