09/12/2018 11:49
Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու միտք չկա և ոչ էլ հիմք կա. ԱԱԾ տնօրեն
Դավիթ Շահնազարյանին ոչ թե ծանուցագիր ենք ուղարկել, այլ հրավիրել ենք Ազգային անվտանգության ծառայություն՝ իր կողմից արված առերևույթ հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Նա, գիտեք, չի ներկայացել ԱԱԾ, չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ իր հայտարարությունների, այլ ասել է, որ դա քաղաքական հայտարարություն է։ Ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ քաղաքական, պետական գործիչներին, ազատամարտիկներին, առհասարակ բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ, որոնք կհիմնավորեն այն պնդումը, թե Արցախին կամ Հայաստանի Հանրապետությանը սպառնում է որևէ սպառնալիք, այսինքն՝ կա դավադրություն, որի հետևանքով պետք է հանձնվի Արցախը կամ Արցախի որևէ մաս, գան Ազգային անվտանգության ծառայություն և տան համապատասխան հաղորդում», - ասաց Արթուր Վանեցյանը։
Անդադառնալով հարցին՝ հնարավո՞ր է Դավիթ Շահնազարյանը բերման ենթարկվի, ԱԱԾ տնօրենն արձագանքեց.
«Նրան բերման ենթարկելու միտք չկա և ոչ էլ հիմք կա։ Եթե նա հրաժարվում է գալ, դա ցույց է տալիս, թե ինչ նպատակներ է հետապնդել իր հայտարարությամբ։ Բոլորը կգտնահատեն նրա ասածներն արժեք ունե՞ն, թե՞ չունեն», - ամփոփեց ԱԱԾ տնօրենը։