09/12/2018 12:53
Խախտումների մասին 8 տասնյակից ավելի հաղորդումների արդյունքում միայն մեկ քրեական գործ է հարուցվել
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ ստեղծված ոստիկանության օպերատիվ շտաբը նախընտրական շրջանում հավաքագրել է ընտրական խատումների հետ կապված 81 հաղորդում, այդ մասին այսօր ԿԸՀ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը:
81 հաղորդումներից 26-ը կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել, իսկ մնացածը եղել են ստուգման ենթակա այլ տեղեկություններ:
Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը, Սարգսյանի փոխանցմամբ, գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում, մեկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մնացած 23 դեպքերով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ստուգման ենթակա 55 հաղորդումների 18-ը անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել են անհետևանք, իսկ 37-ով կատարվում են ստուգումներ:
Աշոտ Սարգսյանն ասաց, որ հիմնականում գրանցվել են հանցագործության հետևալ տեսակների մասին հաղորդումներ`ընտրակաշառք տալը, խոստանալը, քարոզչական պաստառները պատռելը կամ վնասելը, քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, խուլիգանություն, սպառնալիք և այլն: