09/12/2018 11:07
Եկել եմ բոլորին ասեմ, որ սիրում եմ. Քաղաքացին եկել էր ընտրատեղմաս, բայց չընտրեց. Լուսանկարներ
Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում տեղակայված Երևանի 9/40 ընտրատեղամասում քվեախցիկներին մոտեցած քաղաքացիները տեղյակ չէին՝ ինչպես պետք է ընտրել։ Aysor.am-ի թղթակիցը տեղից փոխանցում է, որ մեծահասակ մի կին չգիտեր՝ ինչպես ընտրել և հանձնաժողովի անդամները փորձում էին հասկանալ՝ ով կարող է օգնել տատիկին։
Քաղաքացիներից մեկին հանձնաժողովը գրանցեց որպես օգնող ու փորձեց օգնել կնոջը։ Նրանք մոտեցան քվեախցիկին, օգնող քաղաքացին ներկայացրեց, որ ընտրություններին մասնակցում է 11 ուժ, թվարկեց՝ ովքեր են, բայց տատիկը ասաց, որ չի եկել ընտրել, եկել է ասելու, որ սիրում է բոլորին։ «Եկել եմ բոլորին ասեմ, որ սիրում եմ», - ասաց տատիկը։
Հանձնաժողովի անդամների բնորոշմամբ՝ քաղաքացին համարվեց չկողմնորոշված և նրան օգնող գրանցված անձի օգնությամբ ծրարը դատարկ գցեցին քվեատուփ։
Կինը, բոլորին օրհնելով, հեռացավ ընտրատեղամասից։
Մեր թղթակիցը փոխանցում է, որ մարդկանց կուտակումներ չկան այստեղ, ընտրությունների ընթացքը հանգիստ է։