10/12/2018 15:09
Իհարկե, եղել են վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, բայց Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չի ունեցել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ
Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների իրավունքը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններում պաշտպանվել են, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Ուրսուլա Հացեկը՝ հիշեցնելով, որ այսօր աշխարհը նշում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման տարեդարձը։
Հացեկի խոսքով՝ հանրության մեծ մասը պաշտպանել է իշխանություններին, և նման վստահությունը խիստ պարտավորեցնող է և նրանք պետք է կարողանան բավարարել ժողովրդի պահնաջները։
«Այս ընտրությունների ժամանակ չեն եղել հետապնդումներ և թեկնածուների, և ընտրողների նկատմամբ։ Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չի ունեցել», - հայտարարեց Հացեկը։
Մեր հարցին, թե խորհրդարան չանցած ընդդիմությունը հայտարարում է, թե եղել են սպառնալիքներ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Հացեկը արձագանքեց. «Մենք ամենասկզբից սկսել ենք դիտարկել այս քարոզարշավը, մեր քննարկումների ժամանակ մեզ այցելել են տարբեր խմբեր, ասել այդ մասին, և մենք պահանջել ենք ապացույցներ։ Իհարկե, եղել են վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, հռետորիկան քաղաքակիրթ չի եղել, բայց այդ բոլորը մնացել են թույլատրելի, կենդանի քարոզարշավի պայմաններում»։